Ղարաբաղյան խնդրում ինչ-որ բան է հասունանում: Այն առաջին հերթին առնչվում է ոչ այնքան Ղարաբաղին, որքան տարածաշրջանին, բայց այդ «ինչ-որ բանն» արվելու է ղարաբաղյան խնդրի միջով անցկացնելով:
Հեռու լինելով դավադրության տեսության «դավանանքից», այնուհանդերձ, պետք է արձանագրել` գործընթացների խորին շերտում ինչ-որ բան է հասունանում` ԵԱՀԿ ՄԽ-ի շուրջ:
Թույլ տամ ինձ համարձակ լինել արձանագրման համար. հայկական ուղղաթիռի խոցման չերևացող-«խուլ» պատճառներից մեկն էլ, ինչպես երևում է, հենց բանակցային ձևաչափի փոփոխության «անտես աջն» է: Ընդ որում, խաղացող բոլոր կողմերն էլ, այդ զինվորիկին` ՄԽ ձևաչափին, շարժում են խաղատախտակով մեկ` փորձելով «շախի» հայտարարման հարցում առաջ ընկնել բոլորից և իրենց օգտին գրանցել ապագա բանակցային ձևաչափը:
Այսպիսով, մարմնով գրեթե Տորք Անգեղ հիշեցնող Կասպրշիկը մանկապարտեզի երեխայի նման հայտարարում էր, թե էդ ադրբեջանցիք չթողեցին գնալ դիտարկելու, թե ինչ է կատարվում ուղղաթիռի խոցման վայրում:
Կասպրշիկ ջան, միևնույն է, դու գնայիր, դա քո սուրբ առաքելությունն է ախր։ Մեր Սերժ Սարգսյանը գնաց, ու բան չեղավ:
Լավ, եթե անգամ թույլ չտվեցին, պարոն Կասպրշիկ, ու նաև` դուք, եվրոպացիքդ, ձեր կյանքն ավելի եք գնահատում, քան Հարավային Կովկասում զոհվող մեր օդաչու տղերքինը, այնուհանդերձ, գոնե բարոյական նորմերը պահպանելով պետք չէ՞ր մի թթու խոսք ասել ադրբեջանցիների հասցեին` ձեր, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների, արևմտյան հանրության կողմից` այդ առնչությամբ:
Չարեցի՛ք: Համանախագահող երկրներիդ արևմտյան թևը, ինչպես նշեց ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ռաթկեն, նպատակահարմար համարեց «տակից» օգնել, այն է` հեռվից հետևել օդաչուների դիակների տարհանման հայոց զինուժի «օպերացիային», ինչն էլ արժանացավ Ալիև-հարբեցողի նույնքան համարժեք գնահատականին. «Յուրոփցիք մեզ են քաշել, «տակից» են գործում»:
Ինչո՞ւ:
Որպեսզի չնեղացնե՞ք ադրբեջանցիներին: Բա որ մերոնք այդ օպերացիայի ընթացքում մի բան էնպես չանեին, ու իրավիճակը դուրս գար վերահսկողությունի՞ց: Թե՞ ադրբեջանցիներին էլ «նույն հեռվից»- «հետևելով» ասել էիք, որ համը չհանեն: Ազիկներն էլ իրենց հերթին Ռուսաստանի հետ էին պայմանավորվել:
Դավադրության տեսություն չէ, պարզ պահանջ է` հրապարակային քաղաքականություն վարելու մասին: Թե չէ երկակի ստանդարտների կիրառումը, երբ հայերն ադրբեջանական գերությունից փայլուն օպերացիայով հանում էին տասն օր ադրբեջանական կրակի տակ մնացած, փաստացի, աշխարհի խուլ ու կույր հայացքի տակ կրակվող տղերքի մասունքները, նույն ժամին Բայդենն ու Նուլանդը, ձեռք ձեռքի տված, որպես «քնքույշ մութի թև», իջնում էին ուկրաինական հողին, ինքնաթիռի «տրապին» մի պահ կանգնելով, որպեսզի աշխարհի ենթագիտակցությունն անմահացնի ամերիկյան հզորությունն ու երազանքը հանց մանանա, հետո էլ գնան նշելու Մայդանի մեկամյակը:
Գլուխներդ` քարը:
Դառնանք կարևորին. ակնհայտ է՝ փորձ է արվում բոլոր կողմերից (մեր կողմում հանդես է գալիս ոչ անհայտ Աշոտ Մանուչարյանը, որն իր նման «նրբորեն» անդրադառնում է ԵԱՀԿ ՄԽ-ին, հասկանալի է` վասն Ռուսաստանի), իսկ Ռուսաստանն ու Արևմուտքը, առանց ավելորդ նրբավարության, արդեն իսկ ակնարկում են ՄԽ-ի «մասով» իրենց սպասելիքները։ Արևմուտքի կողմից ոչ անհայտ Թոմաս Դվալն է, ռուսական կողմից` զանազան-զարմանազան փորձագետներ:
Ի՞նչ է սա նշանակում:
Ռուսաստանյան կողմը ցանկանում է փոխել Մինսկի խմբի ձևաչափը, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ, նաև ՀԱՊԿ անդամ է, ցանկանում է խնդիրն ամբողջովին վերցնել իր վերահսկողության տակ, խաղաղապահներ ներդնել Ղարաբաղում, եթե Ադրբեջանը համաձայնի ապագայում դառնալ ԵԱՏՄ անդամ, բոլորին եփել մեկ կաթսայում:
Առաջին հայացքից ֆանտաստիկ թվացող այս միտքն այնքան էլ «պարապ տեղը» չի ասվում. Ռուսաստանն ունի ամեն գնով Վրաստանը ենթարկեցնելու խնդիր, և այդ ժամանակ արդեն Ադրբեջանը պետք է որոշի՝ դեպի ուր է գնում:
Ասել է` Ռուսաստանին պետք է հարցը լուծել փաթեթով: Այդ փաթեթը ձևավորելու առաջին բանալին նրա համար հենց ղարաբաղյան խնդիրն է, ուստի այնտեղ մոնոպոլիա հաստատելու հարցն այս պահին Ռուսաստանի համար գերակա է:
Ահա՜ այստեղ ու «այս ժամին» հրապարակ է մտնում ո՛չ անհայտ, տխրահռչակ Պոլ Գոբլը ¥հիշենք` իննսունականների նրա ծրագիրը` Մեղրին Նախիջևանով փոխանակելու¤ և ասում` Արևմուտքը երբե՛ք դա թույլ չի տա. «Տեսակետ կա, որ Ռուսաստանը իր թևերի տակ կառնի Ղարաբաղը, ես չեմ կարծում, որ նման գնահատականն ընդունելի կլինի որևէ մեկի համար։ Դա կքայքայի տարածաշրջանը»:
Դու ասացիր:
Եվ սա ասվում է ուղղաթիռի խոցումից, տղաների դիակ-մասունքները հետ բերելուց վայրկյաններ անց:
Սա` մեկ: Երկրորդ քայլով Արևմուտքը, դիմելով «կողմերին», ասում է՝ եթե Թուրքիան սահմանը բացի, ապա Հայաստանը որոշ շրջաններ հետ կտա:
«Դիմումատուն», ասացինք, ոչ անհայտ Թոմաս Դվալն է, ով, ի դեպ, «Սև այգի»` «Ղարաբաղ», գրքի հեղինակն է:
Հարցնենք պարոնին՝ իսկ ղարաբաղյան հանրաքվե՞ն: Իսկ հայկական կողմի կրեդո՞ն՝ եթե ամեն բան համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ:
Եվ վերջապես, ի՞նչ կապ ունի Իսլամական պետության հետ խաղեր տվող Թուրքիան տարածաշրջանի ու ԱՄՆ-ի հետ:
Պե՞տք է այսքանից հետո հասկանալ, որ Արևմուտքը, այն է` ԱՄՆ-ը, դեմ չէ, որպեսզի «փոփոխվող» ԵԱՀԿ ՄԽ-ում Թուրքիան ևս տեղ ունենա:
Հետաքրքի՜ր է անչափ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ